Վերնագիրը հուշում է պատասխանը. աշխատելու` «բան» ստեղծելու և ավելին անելու համար: Տնտեսության մասնավոր տիրույթում այդ պատասխանների կոնկրետ չափը որոշվում է գործատուի և կատարողի միջև կնքված աշխատանքի արդյունքի գնահատման պայմանավորվածությամբ: Պարզ ու հասկանալի, և ոչ մի վեճ: Նաև ոչ մի թալան. սեփականատերն ինքն իրենից չի գողանա: Նաև ամենօրյա ստեղծագործ աշխատանք, հիմնականում «շարիկների» աշխատանք` «նոր բան» ստեղծելով անձնական շահույթը ավելացնելու, հարստանալու, նաև երկիրը հարստացնելու, իր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ստեղծելու միտումով: Այսպես է ամբողջ աշխարհում, ինչ-որ չափով նաև մեզ մոտ: Բայց մենք առաջ չենք շարժվում:
Ինչու՞։ Որովհետև այդպես չի աշխատում ամբողջ երկիրը, և առաջնահերթ` նրա «ուղեղը»` կառավարող համակարգը:
Այսօր մեր գրեթե ողջ հասարակությունը կասկածների և վեճի մեջ է. կառավարող համակարգը, որը փաստորեն կատարող է, և կառավարման է եկել ժողովրդի մանդատով, գոյատևում է այդ նույն ժողովրդի (հարկատուի) փողերով, ինքն է որոշում իր աշխատավարձի, պարգևավճարի չափը` անտեսելով, չհստակեցնելով կատարվելիք աշխատանքների չափորոշիչները կամ դրանք գնահատում է առօրյա հանձնարարականների կատարողականով, սուբյեկտիվ մոտեցմամբ: ՈՒ բնական է մարդկանց տարակուսանքը, երբեմն նաև զայրույթը` բարձր աշխատավարձ, պարգևավճար` ինչի՞ համար, կոնկրետ ո՞ր արդյունքի համար… Եվ քանի որ այդ վճարումները դիտվում են որպես արդյունավետ կառավարման երաշխիք, մեծ է գայթակղությունը անընդհատ դրանք ավելացնելով հայտարարելու, որ կառավարման համակարգը գերարդյունավետ է աշխատում:
Իհարկե դա այդպես չէ. անցած 30 տարիներին կառավարող համակարգը լավ էլ իրեն «պագևատրում» էր. արդյունքում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ` այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է:
Եթե փորձենք «տեղավորել» այս թվերը երկրի տնտեսության հիմնարար ոլորտներից մեկում` կաթի ու մսի արտադրությունում, կհայտնվենք մղձավանջի մեջ. 15 անգամ քիչ եկամուտը գրեթե սովամահություն է, 8 անգամ քիչ արտադրելը բնագավառի քարեդարն է: Եվ դա իրոք այդպես է։ Սոցիալական և աշխատանքի հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 08.09.2019 թ. մամուլի ասուլիսում տեղեկացնում է, որ «օրվա կարիքներին չբավարարող իրենց շատ ցածր եկամուտը ավելացնելու համար» նախարարությունը անասնապահ 1000 ընտանիքի միանվագ տվել է 500 000 դրամի աջակցություն, և որ 28 000 ընտանիք էլ դեռ հերթում են: Այսինքն, այսօր, մեր աչքի առաջ, ավելի քան 116 000 անասնապահ գյուղացի, ընտանիքի անդամների հետ, ունի օրվա սննդի բավարարման խիստ կարիք:
Ցավոք, խնդիրը միայն այդ քանակով չի սահմանափակվում. ԱՎԾ-ի 2018-ի տեղեկագրի համաձայն` անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների 85 տոկոսը, մոտավորապես 170000 ընտանիք, նվազագույնը` 680 000 շունչ, ունի միջին հաշվով 3 գլուխ անասուն, ինչը էական եկամուտ չի ապահովում, և անասնապահը ստիպված է լքելու ոլորտը. նույն տեղեկագրի համաձայն` անցնող 5 տարում դրանց թիվը շուրջ 40000 է:
Ոլորտի արտադրողականության մասին խոսելն էլ ավելորդ է. անասունների փոքր գլխաքանակը (ինչպես արդեն ասվեց` 3 գլուխ) թույլ չի տալիս մեքենա օգտագործել` արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա, իսկ առանց դրա, ձեռքի աշխատանքով, պարզունակ գործիքներով հազիվ ընտանիքիդ կաթի ու մսի պահանջարկը բավարարես:
Այնպես չէ, որ այս ամենի մասին նախկինները չեն մտածել, ներկաներն էլ չեն մտածում. Ազգային ժողովի և կառավարության կողմից ընդունվել և ընդունվում են օրենքներ, ծրագրեր, ծախսվել ու ծախսվում են միլիոնավոր դոլարներ, բայց, ինչպես տեսնում եք… Իսկ պատճառն այն է, որ այդ ամենը արվում էր և ներկայումս էլ արվում է դիլետանտի իմացությամբ, երբեմն էլ սաբոտաժով, սիմուլյացիայով, գիտատեխնիկական մտքի ձեռքբերումների անտեսմամբ, «ֆինանսները» հափշտակելու մտայնությամբ` համակարգի թույլտվությամբ: Օրինակ` կոոպերատիվների մասին օրենքը, որի իրագործման համար ծախսվեցին և ծախսվում են նշանակալի ֆինանսական միջոցներ, բայց որոնք այդպես էլ չեն կայանում, անասնապահության զարգացման 2007 թ. 10-ամյա ծրագիրը, որի արդյունքը Եվրոպայից ներկրված բարձրակիթ կովերի զգալի քանակի անկումն էր և շահառուների` դատարանում հայտնվելը վարկը չփակելու համար, արոտների բարելավման 60 մլն դոլարանոց, դարձյալ 10-ամյա ծրագիրը, որի արդյունքում հանրապետության քարտեզից իսպառ ջնջվեցին ամենապահանջված գյուղամերձ արոտները և պատճառ դարձան գյուղերը լքելուն, որովհետև գյուղաբնակ անասնապահի ընտանիքի ամեն օրվա սնունդը տալիս էր կովը, իսկ արոտ չկա, արդեն մեր օրերում, 2019-ին գործարկված մոտավորապես 30 մլրդ դրամանոց «խելացի» գոմերի ծրագիրը, որտեղ բառ անգամ չկա այդ ծախսերի փոխհատուցման, սպասվելիք եկամուտների ու վարկերը փակելու մասին, ու արդեն ակնհայտ է արդյունքը` հերթական ձախողումը, այս անգամ հեղափոխական նոր կառավարության ձեռնադրմամբ:
Մինչդեռ ծրագրերի ճակատագիրը, երկրի վիճակը բոլորովին այլ կլինեին, եթե համակարգը խրախուսեր բանիմաց, ազնիվ, իրենց աշխատանքով արդյունք ստեղծող և այդ արդյունքից մի մեծ չափաբաժնով վարձատրվածների, պարգևատրվածների գործունեությունը: Հասկանալի է, որ այս դեպքում հասարակությունը ոչ թե իր վրդովմունքը, այլ շնորհակալությունը կհայտներ, կծափահարեր, որովհետև արդար է վարձատրությունը, բացի այդ, անհատի հետ կհարստանայինք նաև մենք բոլորս, երկիրը:
Սա, երևի, մեր օրերի հեղափոխական կառավարության հարցերի հարցն է` ստեղծել համակարգ, որի առանցքում ճիշտ մարդն է ճիշտ տեղում, տեխնոլոգիական առաջընթացով, արդյունավետ ծրագրերի մշակմամբ, վարձատրման, պարգևատրման օբյեկտիվ չափանիշներով, թալանի և կոռուպցիայի, սաբոտաժի իսպառ բացառմամբ:
Ի՞նչ չափով են իրագործելի այս մոտեցումը, նրա լուծումը կառավարման առկա համակարգում: Փորձեմ դա ներկայացնել վերը նշված անասնապահական փոքրաչափ տնտեսությունների օրինակով, առաջնորդվելով կառավարության հաստատած այդ տնտեսությունների առաջիկա 10 տարվա զարգացման տեսլականով` «ունենալ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ ապրող գյուղական բնակչություն, մրցունակ ապրանք արտադրող փոքր ու միջին տնտեսություններ»:
Հիմնական խնդիրը մրցունակ, շուկայում լավ իրացվող ապրանք, տվյալ դեպքում կաթ ու միս, կաթնամսամթերք արտադրելն է, մարդավայել ապրելակերպ ապահովող եկամուտ ունենալն է: Եթե դա ինչ-ինչ պատճառներով չենք կարողանում անել, ուրեմն անիմաստ է խոսել ոլորտի գոյության, կայացման անհրաժեշտության մասին. կաթն ու միսը գնելու ենք արտերկրից (մեր կաթնամսամթերքի զգալի մասը արդեն ներկրված կաթի փոշին և սառեցված միսն են), մեր անասնապահներին էլ ուղղորդելու ենք Ռուսաստան, որտեղ նրանց գրկաբաց ընդունում են: Բայց, ինչպես տեսանք, էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ, բազմաթիվ երկրներ այդ ոլորտում 15 անգամ ավելի շատ եկամուտ են ստանում, 8 անգամ ավելի շատ արտադրանք են տալիս:
ՈՒրեմն ո՞րն է խնդիրը։ Ի՞նչ է, չե՞նք կարող մեր առջև նպատակ դնել, եթե ոչ 15, գոնե 2-3 անգամ առաջիկա տարիներին բարձրացնել մեր անասնապահների եկամուտները, արտադրանքի ծավալը: Պարզվում է, որ խնդիր չեն նաև էական եկամուտ ապահովող, բայց չօգտագործվող, անտեսված ներքին ինտելեկտուալ ռեսուրսները. արոտներ, խոտհարքներ, հողատարածքներ, ոռոգման ջրի մեծ պաշար, արևի էներգիայի պրակտիկորեն անսպառ քանակություն, որակյալ աշխատուժ, հայրենական գիտատեխնիկական նորույթների լավ ժառանգություն: Գումարած արտերկրի հարուստ փորձը. անապատային բնաշխարհում ապրող Իսրայելում մի կովից ստանում են 12 000 լիտր կաթ, մենք` 2200 լիտր:
ՈՒրեմն ոլորտի չկայացման օբյեկտիվ խնդիրներ չկան: Խնդիրը մենք ենք, ավելի կոնկրետ` կառավարման համակարգը, որը չի կարողանում վերը նշված ռեսուրսների, արտերկրի փորձի համադրմամբ լուծել ոլորտի խնդիրները: Հասկանալի է, որ այդ խնդիրները կլուծվեն առավել արդյունավետ, եթե դրանց պատասխանատուները շահագրգռված աշխատեցնեն իրենց «շարիկները»: Իսկ այդ «շարիկները», ինչպես հայտնի է, մինչև չզգան փողի «հոտը»` աշխատող չեն, «բան» ստեղծող չեն: Այս առումով բերեմ մի դրվագ ամերիկացի ընկերոջս գործելաոճից. իր գործարանի տարածքում մեզ մոտեցավ աշխատակիցը և ընկերոջս մեկնեց թղթի մի կտոր, որն աչքի անցկացնելուց հետո ընկերս նրան տվեց 100 դոլար, իսկ քիչ անց, երբ աշխատակիցն արդեն հեռացել էր, պատռեց այդ թուղթը` իմ զարմացած հայացքին պատասխանելով. «Տեխնոլոգիական առաջարկություն էր, բայց ոչ էական, իսկ փողը տվեցի, որ շարունակի «շարիկները» աշխատեցնել»: Այսպես է հարստացել ու շարունակում է հարստանալ Ամերիկան: Սա ապրելակերպ է` մարդկանց ուղեղը, պատկերավոր ասած, գիշեր-ցերեկ զբաղված է հարստանալու համար «բան» ստեղծելով. այդ գործընթացը, ընդհանուր շահագրգռվածությամբ, իրագործում են գործատուն և կատարողը, հարստանում է թե՛ անհատը, թե՛ երկիրը:
Հիմա փորձենք խնդրի լուծման դարերով գործող, իրեն արդարացրած այս սխեման տեղափոխել կառավարման համակարգ, որը հեղափոխությունից հետո էլ, ըստ էության, մնացել է նույնը: Առաջին քայլը, երևի, կառավարության հաստատած ոլորտի զարգացման առաջիկա 10 տարվա տեսլականի իրացման ծրագրերի մշակումն ու հաստատումն է: Հասկանալի է` կառավարող չինովնիկների ղեկավարությամբ, մասնակցությամբ: Բայց, մենք արդեն տեսանք, որ անցած 30 տարվա ընթացքում ոլորտի զարգացման կառավարության ընդունած 3 կարևորագույն ծրագրերից ոչ մեկն էլ չաշխատեց:
Հաստատապես կարելի է պնդել, որ չեն աշխատել նաև մյուս բոլոր ծրագրերը. վկան` ոլորտի այսօրվա վիճակը, անցած 30 տարիները: Նշանակում է` այսօրվա վիճակով այս համակարգի ամեն մի ժամվա աշխատանքը երկրի վնասն է ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյահոգեբանական առումով. չարչարվում, չարչարվում ենք, բայց ոչինչ չի ստացվում. Իսրայելում ստացվում է, մեզ մոտ` ոչ, իսկ բյուջեի` ժողովրդի միլիարդավոր դոլարներն էլ հայտնվում են արտերկրում կամ մեր կառավարիչների երևանյան դղյակներում, այսօր նաև ոչնչով չհիմնավորված բարձր աշխատավարձերի, պարգևավճարների տեսքով` մեր չինովնիկների գրպաններում:
ՈՒ այս իրողությունների առկայությամբ խոսել նոր, արդյունավետ ծրագրեր մշակելու, այդ կորած, մեռած աշխատանքային ժամերի համար աշխատավարձ, պարգևավճարներ տալու, դրանք ավելացնելու մասին, առանց արմատապես փոխելու տնտեսության կառավարման համակարգը` նշանակում է ապրել վիրտուալ աշխարհում, կտրվել իրականությունից: Եվ, վերջապես, եթե աշխատանքի ինչ որ մեթոդ, ձև, համակարգ տարիներով (մեկ անգամ էլ շեշտեմ` արդեն 30 տարի) արդյունք չի տալիս, ուրեմն պետք է այն փոխել:
Այդ փոփոխությունների մասին խոսում է նաև երկրի գլխավոր տնտեսագետը, էկոնոմիկայի նախարարը` «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկումներում (2019 թ., օգոստոս) հայտարարելով, որ «առկա վիճակը» ստիպում է մեզ մտածել այն փոփոխություննների մասին, որ պետք է անել տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար, շեշտելով տեխնոլոգիական առաջընթացի կարևորությունը:
Բայց «խուրմա» գոռալով բերաններս չի քաղցրանալու, էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է սատարել «խելացի էկոգոմերի» 30 մլրդ դրամանոց ծրագիրը, որի մեջ, նույնիսկ խոշորացույցով փնտրելիս, տեխնոլոգիական առաջընթացի նշույլ անգամ չես գտնի, և հատկացված ահռելի գումարը ոլորտը վերջնականապես թաղելու համար է: Ակնհայտորեն, ամեն ինչ իր տեղում կլիներ, եթե նախարարի աշխատավարձը, պարգևավճարները ամբողջությամբ կամ մասնակիորեն շաղկապված լինեին այդ ծրագրի իրացումից ստացված փաստացի եկամտի հետ: Բայց նախարարը հո հիմար չէ՞, որ ծրագրում արդյունք, եկամուտ ցույց տա, վարչապետն էլ ասի` պարոն նախարար, քո հիմնական աշխատավարձը պարգևավճարն է` փաստացի եկամտի այսքան տոկոսը, որը քեզ կդարձնի միլիարդատեր, գնա և հանգիստ իրագործիր ծրագիրդ: Դա չի արվում, չի ասվում, ու նախարարին էլ առանձնապես չի հետաքրքրում` 30-միլիարդանոց ծրագրում իր ասած տեխնոլոգիական առաջընթացը կա՞, թե՞ չկա, պե՞տք է ականջալուր լինել մեր գիտնակաների խոսքին, թե՞ պետք չէ։
Այսինքն, աբսուրդի իրավիճակ է. տնտեսության առաջընթացը ամբողջ աշխարհում ապահովում է գիտությունը, մեզ մոտ ամեն ինչ արվում է, որ գիտությունը չմոտենա տնտեսությանը, ու շարունակում է գերիշխել «я начальник - ты дурак» մտայնությունը:
Այդ դեպքում պետք է հարցն ուղղել հարգելի վարչապետին` ինչու՞ եք ստորագրել այդ ծրագիրը: Ձեզ թյուրիմացության մե՞ջ են գցել, խաբե՞լ, ո՞վ, ո՞րն է շարժառիթը: Այս հարցադրումները տեղին են, որովհետև ինքներդ, պարոն վարչապետ, հրապարակայնորեն մի քանի անգամ շեշտել եք առկա ծրագրի թերությունները, Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը «խելացի» գոմերը հրապարակայնորեն բնորոշեց «բա ամոթ չի՞» արտահայտությամբ: Այդ ծրագրի մասին Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ-ի մասնագետների փաստարկված բացասական կարծիքը քննարկվել և պաշտոնապես ընդունվել է նախորդ կառավարության պրոֆիլային 5 նախարարությունների կողմից, որոշվել է առանձին դրվագների պիլոտային ներդրման ֆինանսավորման հարցը: Հաշվի էր առնվել նաև ինստիտուտի փորձը. մեր մշակումներով` ինստիտուտի հարակից տարածքում կառուցված անասնաշենքերում աշխատանքների մեքենայացման, ավտոմատացման մակարդակը հասցվել էր 80 տոկոսի, շինարարական աշխատանքների ծախսը կրճատվել էր 30 տոկոսով: Այդ աշխատանքները 90-ականներին հավանության արժանացան Մոսկվայում. «Պրավդա» օրաթերթն ընդարձակ հոդված տպագրեց, որոշվեց մեր մշակած մեքենասարքավորումները արտադրել 25000 օրինակով: Ներկայիս ԵԱՏՄ 4 երկրներ պաշտոնապես դիմեցին ինստւտուտին, խնդրելով տրամադրել մեկական օրինակ, թեկուզ և փորձանմուշի տեսքով: Բայց դե, 90-ականներն էին, հայտնի գործողություններով` ամեն ինչ թալանվեց, ոչնչացվեց:
Թալանին հաջորդած տարիներին մենք կատարելագործեցինք մեր մշակումները, ստացանք հեղինակային նոր իրավագրերը, բայց թալանի մոլուցքով տարված մեր կառավարիչները, չխորշելով քրեական գործողություններից, զրկեցին մեզ ֆինանսավորումից, պարզ ասած, մեզ ծախեցին. ու թվում էր, թե հեղափոխությունը կօգնի վերականգնելու արդարությունը, բայց… Մեր բոլոր դիմումներին, հրապարակումներին, ասուլիսներին, անձնական հանդիպման խնդրանքներին երկրի գլխավոր էկոնոմիստը պատասխանում է մեկ նախադասությամբ. «Ձեր մշակումները նպատակային չեն», ինչից, ամենայն հավանականությամբ, ինքն էլ գլուխ չի հանում, այլապես նույն պատասխանում, մի քանի տող ներքև, իր գործընկեր նախարար Ֆելիքս Ցոլակյանին չէր տեղեկացնի, որ այդ ոչ նպատակայինները հավանության են արժանացել պրոֆիլային 5 նախարարությունների կողմից, որ ընդունվել է դրանց պիլոտային ներդրման ֆինանսավորման որոշումը, որ իր գործընկեր նախարարների կողմից կառավարության ղեկավարին ուղղված պատասխաններում հաստատվել է դրանց բարձր շահութաբերությունը` 31,2 տոկոս, բերքի աճը` 25-30 տոկոս, ՀՀ-ից Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան փախչող մեր ջրերով մեր հողերը պրակտիկորեն զրոյական ծախսերով ոռոգելու, ջրհեղեղները, տարածքային հրդեհները, երաշտը, սողանքները կանխելու, խմելու ջրերի ստորգետնյա աղբյուրները վերաբացելու, արոտների և խոտհարքների բերքը եռապատկելու, խոտի որակը բարձրացնելու և դրանցով անասնապահ գյուղացու եկամուտը շեշտակիորեն ավելացնելու, արտագաղթը կանխելու հնարավորություններ և այլն, և այլն:
Հոդվածում և ինձ մոտ առկա փաստերի հիմնավորմամբ, խնդրում եմ Ձեր հանձնարարականը` էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի պաշտոնանկության առնչությամբ:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
«Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի նախկին տնօրեն, տեխն. գիտ. թեկնածու